ԱՄՆ պետքարտուղարությունը  հայտարարում է Բազմազանության արտոնագիր վիճակախաղի 2012 թվականի խաղարկության գրանցման գործընթացի մեկնարկը:

2012 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն  էլեկտրոնային տարբերակով, սկսած ուրբաթ օրից`  2010թ հոկտեմբերի 2-ից  (արեւելյան ամառային ժամանակով  12:00-ից (Գրինվիչ-4)) մինչեւ  երկուշաբթի, 2010թ նոյեմբերի 3-ը ( արեւելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)): Մասնակցության համար  պետք է այցելել  www.dvlottery.state.gov կայքը ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո այլեւս դիմումներ չեն ընդունվի:

ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենք-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված Ներգաղթային ակտ-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց Ներգաղթի եւ քաղաքացիության մասին օրենք-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է, որպես Ներգաղթողներ բազմազանության ապահովման համար: Այս օրենքի  203(գ) հոդվածի համաձայն ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55.000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:

Ամենամյա այս ծրագրի շրջանակներում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը գնում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին: 2012 թվականին նախորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Կարեւոր է գիտակցել, որ խաղարկությունում հաղթելը  դեռ չի երաշխավորում, որ Դուք արտոնագիր կստանաք: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց եւ որակավորված լինեն  արտոնագիր ստանալու  համար:

Պետքարտուղարությունը 2005թ ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքները եւ այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից:

2012թ-ի Բազմազանության արտոնագիր խաղարկության Էլեկտրոնային եղանակով մուտքագրման եւ հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.dvlottery.state.gov կայքից: