Իսրայելական անօդաչու թռչող սարքերը չեն դադարել հետեւել Հարավային Կովկասին: Այս մասին նշված է Ադրբեջանի եւ Իսրայելի փոխհարաբերությունների մասին շվեյցարական «Le Temps»-ում հրապարակված հոդվածում:

Դրանում, մասնավորապես, նշված է.

«Ադրբեջանական բանակը կանոնավորապես օգտագործում է Harop անօդաչու թռչող սարքերը՝ հայկական կողմի դիրքերին հետեւելու համար: Բայց հիմա այն առաջին անգամ օգտագործվեց որպես կամիկաձե: Հայկական կողմը շատ սուր ընդունեց տեղի ունեցածը: Հայերի համար, որոնք անցյալ տարի հիշատակեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Իսրայելի կողմից Ադրբեջանին սատարելը պատմական անարդարություն է: «Մենք պետք է Իսրայելի բնական դաշնակիցը լինեինք, քանի որ մենք, ինչպես եւ հրեաները, Ցեղասպանություն ենք վերապրել, այդ է պատճառը, որ մենք, ինչպես հրեաները, շրջապատված ենք բազմաթիվ թշնամիներով: Ինչո՞ւ է Թել Ավիվը մշտապես մեր թշնամիների կողմն անցնում»,- Երեւանում հայտարարեց քաղաքացիական հասարակության մի ներկայացուցիչ՝ խնդրելով չհրապարակել անունը:

Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունն իսկապես մեծ է: Անօդաչուներից բացի՝ այն նաեւ ռադարներ, հակատանկային հրթիռներ է մատակարարում, նաեւ մասնակցում ադրբեջանական ավիացիայի արդիականացմանը: Այս ամենը 2-5 մլրդ դոլար է գնահատվում:

Այս ամենին ավելանում է նաեւ «ռազմավարական միության» առավելությունը, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է հայտարարում: Միություն, որն իսրայելական հատուկ ծառայություններին թույլ է տալիս բազա ունենալ Իրանի դեմ: Այդ կերպ է «Մոսադ»-ը ստվերային գործողություններ անցկացրել Իրանի դեմ՝ գործակալների հավաքագրման, օդից հետեւելու եւ այլնի օգնությամբ: Եվ այս ամենը՝ ադրբեջանական գործընկերների հետ միասին:

«Ադրբեջանի եւ Իսրայելի երկկողմ հարաբերությունները նման են սառցաբեկորի. 9/10 մասն անտեսանելի է»,- «WikiLeaks»-ի հրապարակումների համաձայն՝ մի անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իսկ դա նշանակում է, որ իսրայելական անօդաչուները դեռեւս չեն դադարել հետեւել Հարավային Կովկասին...»: