2008 թվականին Հայաստանում հիմնադրված «Պրո Կրեդիտ բանկը» այս տարի որոշել է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այսօր` սեպտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսում բանկի գործադիր տնօրեն Բեռտոլդ Հերցֆելդը նշեց, որ 2010 թ. իրենց վարկային պորտֆելն աճել է մինչեւ 45 մլն դոլար, իսկ մինչեւ տարեվերջ հույս ունեն, որ կաճի եւս 15 մլն դոլարով։ Աճին, հավանաբար, կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ բանկն այս պահին վարկեր տրամադրում է շուկայի նվազագույն տոկոսադրույքներով՝ 9,5 տոկոս դոլարային վարկերի համար եւ 14,5 տոկոս՝ դրամային վարկերի համար։
Հատկանշական է, որ գերմանական կապիտալով աշխատող բանկը որոշել է ակտիվանալ նաեւ գյուղացիության վարկավորման ոլորտում, որտեղ «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկը» գրեթե մրցակցության չի հանդիպում։ Այդ նպատակով, Արտաշատի մասնաճյուղից բացի, շուտով իրենց գործունեությունը կսկսեն Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերը։
Նշենք, որ «ՊրոԿրեդիտ Բանկի» հիմնադիրներն են հանդիսանում «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ը՝ 68.46 տոկոս, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ը՝ 16.67 տոկոս եւ «Զարգացման Բանկ»-ը՝ 14.87 տոկոս բաժնեմասերով։




























