Համաշխարհային շուկայում նավթի գների երկարատեւ նվազման պատճառը քաղաքական է, այլ ոչ տնտեսական: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին:

«Համաձայն եմ, որ շուկայում առաջարկի ավելցուկ կա, սակայն նախկինում նույնպես առաջարկը գերազանցել է պահանջարկը, բայց նավթի մեկ բարելի գինը 100 դոլար էր»,- ասել է Լարիջանին՝ պատասխանելով շուկայի կայունացման նպատակով նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ Իրանի դիրքորոշման մասին հարցին:

Իրանցի պաշտոնյան վստահ է, որ նավթի գներն իջեցվել են քաղաքական պատճառներով: Սակայն Լարիջանին երկրներ չի նշել, որն ազդել է դրանց վրա:

«Այդ երկիրը զգալի վնաս հասցրեց ե՛ւ իրեն, ե՛ւ մեզ, ե՛ւ ձեզ: Կարծում եմ՝ այդ երկիրը նպատակ ունի վնաս հասցնել Իրանին եւ Ռուսաստանին»,- ասել է Ալի Լարիջանին:

Նավթ արդյունահանող երկրները Քաթարում կայացած հանդիպմանը չկարողացան համաձայնություն ձեռք բերել արդյունահանման ծավալների սառեցման շուրջ: Հանդիմանը մասնակցում էին ՕՊԵԿ-ի անդամ պետությունները՝ բացառությամբ Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Օմանը եւ Բահրեյնը:

Հայտնի է, որ բանակցությունները տապալվել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի տեղակալի ճնշման պատճառով: