«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նվիրեցին «արյունոտ ռուսի սապոգ» (ֆոտոռեպորտաժ):

«Եթե մեկը փորձի հող հանձնել, մենք իրեն կհանձնենք հողին: Ով փորձի հող հանձնել, այս բոցավառվող հեղուկը կնետենք ոչ միայն այս դեսպանատան, այլեւ բոլոր նրանց վրա, որոնք կփորձեն հող հանձնել»,- ասաց կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը՝ ցույց տալով խորհրդանշական «Մոլոտովի կոկտեյլի շիշը»։

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին իրենց նվերներով արկղիկը դնել դեսպանատան նամակների արկղի մոտ, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց արկղը թողնել մայթի մոտ:

Նշենք, որ ոստիկանները երեք շարքով պատ կազմած ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել դեսպանատան մայթ:

Րոպեներ անց Երեւանի փոխոստիկանապետը վերադարձավ, թույլ տվեց Դավիթ Սանասարյանին՝ նվերներով արկղիկը դնել դեսպանատան նամակների արկղիկի մոտ:

Բողոքի ակցիան ավարտվեց: Դեսպանատան շենքի մոտից հեռանալուց առաջ ակցիայի մասնակիցները հեռանալիս փորձեցին այրել Ռուսաստանի նախագահի լուսանկարը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարումից հետո ակցիայի մասնակիցները հեռացան դեսպանատան մոտից:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մինչ այդ կանգ առան Արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ, որտեղ պահանջեցին Հայաստանից ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ցուցարարները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», նրանք իրենց հետ բերել են «Ղարաբաղը մերն է» գրությամբ պաստառներ եւ քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներ:

Նշենք, որ երթի մասնակիցները մասնավորապես պահանջում են՝

1. Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանին որեւէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,

2. Արցախի խաղաղության եւ անվտանգության միակ ապահովող եղել է եւ պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլոց պաշտպանելու համար,

3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,

4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,

5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: