Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է ինքը` քաղաքապետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Հարցին, թե արձակուրդից հետո ինչպիսի՞ն է իր տպավորությունն առաջին աշխատանքային օրը, Լուժկովը պատասխանել է«Սկսվեց»:
Նշենք, որ անցած շաբաթ լուրեր էին տարածվել, որ երկուշաբթի օրը հայտարարվելու է Լուժկովի պաշտոնից հեռանալու մասին, սակայն այդ տեղեկությունը չհաստատվեց:
Ավելի վաղ «Վեդոմոստին» հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լուժկովի հրաժարականի հարցը վերջնականապես լուծված է, նրան մեկ շաբաթ են տվել, որպեսզի նա ինքնակամ հեռանա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լուժկովը մեկնել է Ավստրիա եւ այնտեղ է անցկացնում իր արձակուրդը: Նրա հնարավոր հրաժարականի մասին լուրերի ֆոնին, այս արձակուրդը համարվել է որպես «թայմ-աութ»: Ինքը` Լուժկովը գտնում է, որ իրեն չեն խնդրի ժամկետից շուտ լքել քաղաքապետի պաշտոնը, եւ նշել էր, որ միայն իր հանդեպ մոսկվացիների վստահության կորուստը կարող է ստիպել իրեն հեռանալ պաշտոնից:
«Լեւադա կենտրոնի» վերջին հարցումների համաձայն, Լուժկովին այս կամ այն չափով վստահում է մոսկվացիների մոտ կեսը: Նրան ամբողջությամբ վստահում է բնակիչների միայն 3 տոկոսը:




























