Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումների մի մասն ունեցել է սպեկուլյատիվ բնույթ, որը ճգնաժամի պայմաններում բացահայտվել է։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Պրո Կրեդիտ Հոլդինգի» խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյտագը: Նրա կարծիքով, սակայն, Հայաստանը համեմատաբար քիչ է տուժել ճգնաժամի հետեւանքով, քանի որ պատրաստվածության ավելի բարձր մակարդակ ուներ։ Իսկ ամենաշատը տուժել են այն երկրները, որոնք մինչ ճգնաժամը ունեցել են կապիտալի մեծ ներհոսք, որն այնուհետեւ արտահոսել է, ինչպես օրինակ Ուկրաինայում։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ապա Ք. Ֆրեյտագի կարծիքով՝ մենք հիմա «ուղղման» գործընթացի մեջ ենք։ Որպես դրա ապացույց՝ նշվեց այն հանգամանքը, որ հաճախացել են բանկի կողմից ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ նման ծրագրերով հայտերը։ Բացի այդ՝ նոր վարկառուների մեջ այլեւս չկան անվճարունակներ։