Այսօր` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարությունը, ով կոչ է արել շփման գծից հեռացնել դիպուկահարներին, նշելով, որ դա նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը:

Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիշեցրել է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը եւ երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետեւում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն է վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ս.թ. սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը:

Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներ՝ նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների եւ հակամարտության ու թնամանքի շարունակության:

Իրականությանը չի համապատասխանում նաեւ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների», -ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: