Թեհրանը չի ճանաչում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումն այն օրինագծի օգտին, որն ահաբեկչության զոհերին եւ նրանց ընտանիքներին թույլ է տալիս Իրանի Կենտրոնական բանկի ֆոնդերից մոտավորապես 2 մլրդ դոլար ստանալ որպես փոխհատուցում, հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել էր Իրանի կենտրոնական բանկին 2 մլրդ դոլար վերադարձնել իրանական սառեցված ակտիվներից` վճռելով, որ այդ գումարը պիտի վճարվի ամերիկյան այն ընտանիքներին, որոնց ազգականները 1983-ին Բեյրութում պայթյունների, ինչպես նաեւ ահաբեկչական այլ գործողությունների զոհ են դարձել: Իրանական ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հոսեյն Ջաբերի-Անսարին արդեն բողոք է ներկայացրել` այդ վճիռն անընդունելի կոչելով եւ այն համեմատելով գողության հետ:
«ԱՄՆ-ի կառավարությանը լավ հայտնի է, որ փորձելով օգտվել իրանական ակտիվներից` Ամերիկան պատասխանատվություն կկրի Իրանի ամբողջ ժողովրդի առաջ», — Զարիֆին է մեջբերում իրանական IRNA գործակալությունը: «Մենք ավելի վաղ նշել էինք, որ չենք ընդունում ԱՄՆ-ի դատարանի որոշումը: Եվ ամերիկյան կառավարությունը գիտե այդ մասին», — հավելել է նախարարը:
Ավելի քան 1000 ամերիկացի ավելի վաղ փոխհատուցում էր պահանջել ահաբեկչական գործողության համար, որի կազմակերպման գործում, նրանց կարծիքով, մասնակցել է Իրանը: Բեյրութում տեղակայված ամերիկացի խաղաղապահների զորամասերը 1983-ի հոկտեմբերի 23-ին ահաբեկչական գրոհի ենթարկվեցին: Այդ ժամանակ ամերիկացի 241 զինվոր զոհվեց, ընդհանուր առմամբ ահաբեկչությանը զոհ գնաց 300 խաղաղապահ, որոնք Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունն էին կատարում:
Իրանն ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից ներառվել է 1984-ի հունվարի 19-ի ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակում:
Ուրբաթ Իրանի արտգործնախարարը Նյու Յորքում կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ` Ջոն Քերիի հետ, քաղաքական գործիչները կքննարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը իրանական միջուկային ծրագրի պայմանավորվածությունների հետ կապված:




























