Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրը, ով հանդես է գալիս եվրոպական ինտեգրացիայի օգտին, կարծում է, որ եթե ԵՄ-ն դառնա տարածաշրջանային կազմակերպություն, դա ձախողում կլինի: Բալադյուրի խոսքով, այն վիճակի պատճառը, որում հայտնվել են եվրոպական երկրները, Եվրամիության ընդլայնման մասին որոշումն էր, որը շատ արագ կատարվեց, գրում է FWNews-ը:
Նա ընդգծել է, որ երբ «27 երկրներ ունեն շատ տարբեր սոցիալական եւ իրավական համակարգեր», ապա շատ բարդ է նրանց մեկ ամբողջության մեջ դիտելը: Բալադյուրը կարծում է, որ Լիսաբոնյան պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2009-ի դեկտեմբերի 1-ին, բերել է իշխանության պակասի:
Նշենք, որ 2004-ի մայիսին Եվրամիության անդամ դարձան միանգամից 10 երկրներ. Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Սլովենիան, Մալթան, Կիպրոսը, Լատվիան, Էստոնիան, Լիտվան: 2007-ի հունվարից նրանց միացան նաեւ Ռումինիան եւ Բուլղարիան:





























