Երեւանում այսօր՝ ապրիլի 23-ին, Մատենադարանում մեկնարկել են «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues-ի քննարկումները՝, որոնք նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։
Նստաշրջանը կբացի «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Միջոցառմանը մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:
Քննարկումների ժամանակ կհրապարակվեն նաեւ The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։
Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:











