Դեպի Եվրոպա փախստականների հոսքի հետ կապված իրավիճակը պահպանվում է: Տարեկան միջինը 6 հազար մարդ է Մերձավոր արեւելքից ու Աֆրիկայից Եվրոպա փախչում: Այս մասին հայտարարել է իրանցի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիր Շիրին Էբադին Aurora Dialogue քննարկումների բացման ժամանակ:
«Ես համարում եմ, որ եթե հիմա որեւէ որոշում չկայացվի, հումանիտար ճգնաժամն ավելի սարսափելի կլինի, քան 2-րդ համաշխարհային պատերազմից հետո էր»,- հայտարարել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով, կա տվյալ ճգնաժամի լուծման 3 կատեգորիա: Երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ:
Երկարաժամկետ լուծումներից նա նշել է մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու անհրաժեշտությունը՝ չպետք է լինեն պատերազմներ, դեսպոտիզմ ու սով: «Եթե մենք սովորենք պահպանել մարդկային արժանապատվությունը, մարդիկ այլեւս չեն խեդղվի Եվրոպայի ճանապարհին»,- նշել է նա:
Որպես միջնաժամկետ լուծում նա նշել է տառապանքներն ու պատերազմները դադարեցնելու անհրաժեշտությունը, հակամարտության գոտիներում հրադադարի մասին համաձայնագրերին հետեւելը: Իսկ կարճաժամկետ լուծումներից է փախստականների կյանքի պայմանների ապահովումը:
«Վերջին մեկ ամսում 500 մարդ է խեղդվել Եվրոպայի ճանապարհին: Եթե փախստականների համար ճամբարներում նորմալ պայմաններ լինեին, ապա մարդիկ չէին վտանգի իրենց կյանքը, փորձելով փրկվել»,- ասել է նա: Այս համատեքստում իրավապաշտպանը հարցրել է, թե ինչու իսլամական երկրները՝ օրինակ Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն չեն օգնում փախստականներին, ու այդ խնդիրը Եվրոպայի ուսերին են գցում: Նրա կարծիքով խնդիրն այն է, որ նրանք վախենում են փախստականներին քաղաքացիոււթյուն տալ: «Ընդ որում բանակցություններ են վարում իսլամական համերաշխության մասին, բայց օգնում, իսկ որոշ երկրներ նույնիսկ նպաստում են ողբերգությանը»,- ամփոփեց նա:



























