ՏԷՖԻ մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո հեռուստատեսային ակադեմիայի մի քանի անդամներ մտադրություն են հայտնել լքել ակադեմիան, հաղորդում է ՌԲԿ-ն:
Հեռուստաակադեմիայի նախագահ Միխայիլ Շվիդկոյը հաղթողների անունները հայտարարելիս «Ռուսաստանյան հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար» անվանակարգում բաց է թողել ռուսաստանյան «Ինտերնյուսի» հիմնադիր եւ ղեկավար Մանանա Ասլամազյանի անունը, թեեւ ակադեմիկոսները քվեարկել էին հենց նրա օգտին:
Շվիդկոյը «Կոմերսանտին» ասել է, որ հաղթողի անունը չի նշվել, քանի որ Ասլամազյանը ներկա չի եղել դահլիճում, իսկ հայտարարելու դեպքում խնդիրներ կառաջանար արարողության հեռարձակման մեջ: Շվիդկոյը նշել է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա այդ որոշման մեջ: Ասլամազյանը եւս հայտարարել է, որ չէր ցանկանա այդ պատմության շուրջ աղմուկ բարձրացնել:




























