Ցեղասպանությունը վերապրածների համար ամենամեծ հարվածը Ցեղասպանության ժխտումն է այն իրականացնողների կամ նրանց ժառանգների կողմից: Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի բացմանն ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է՝ այսօր էլ, 21-րդ դարում, աշխարհը դեռ ի վիճակի չէ կանխել ցեղասպանությունները: Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ են անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց: Եթե Իսլամական պետության դեպքում աշխարհը գործ ունի ընդամենը մի ավազակախմբի հետ, որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով, ապա ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի Ադրբեջանը՝ որպես պետություն, որն իր ձեռագրով ոչնչով չի զիջում Իսլամական պետության ահաբեկիչներին։
Ավելի ուշ՝ ընդմիջման ժամանակ շփվելով համաժողովի պատվիրակների հետ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարությանը: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն այս հարցի շուրջ զգալիորեն ավելի խիստ շեշտադրումներով է խոսել: Մասնավորապես, նախագահի խոսքով, Սերգեյ Լավրովի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը ինքը շեշտել է անհասցե հայտարարությունների անթույլատրելիությունը: Տարիներ շարունակ մենք համոզված ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կկարողանանք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, փոխզիջումների հիման վրա: Մինչդեռ Ադրբեջանը ոտնահարեց բոլոր համաձայնագրերը, արհամարհեց համանախագահների բոլոր հայտարարությունները: Ուստի հիմա մենք հիմա ասում ենք՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, որ հնարավոր լինի առաջ շարժվել:
Տարբեր երկրներից ժամանած պաշտոնյաների, պատգամավորների, իրավապաշտպանների, միջազգային իրավունքի փորձագետների մասնակցությամբ համաժողովը երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում ապրիլի 24-ի նախօրյակին:
Գլոբալ ֆորումի հյուրերից ամենապահանջվածն այսօր Ջորջ Քլունին էր: Հոլիվուդյան դերասանը Մարզահամերգային համալիրում շրջել է անմոռուկի նշանը կրծքին, առանց զլանալու լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ, պատասխանել NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին: Ինչու Քլունիի հետ Հայաստան չի ժամանել նրա գեղեցկուհի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին: Շատ էր ցանկանում գալ, բայց զբաղված էր իր պաշտպանյալի գործերով՝ պատասխանել է Քլունին: Դերասանը մեկ օրվա ընթացքում Հայաստանում հասցրել է սիրել մարդկանց եւ խոհանոցը:
Ինչպես կանխել ցեղասպանությունները հարցին՝ դերասանը պատասխանել է. «Պետք է սկսել նրանից, որ աշխարհը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Իսկ այն, որ Թուրքիան ժխտում է Ցեղասպանությունը, ուղղակի ծիծաղելի է»:
Երեւանում կայացել է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հարյուրավոր երիտասարդներ Ազատության հրապարակում նախ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, որի կրակից վառված ջահերով քայլել դեպի 1,5 մլն զոհերի հիշատակի անմար կրակ: Երիտասարդների ձեռքին բոլոր այն երկրների դրոշներն էին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ ճանապարհին ծածանվում էին ավելի քան 30 մետր երկարությամբ Հաայաստանի եւ Արցախի դրոշները՝ ի նշան հայկական երկու պետությունների միասնության:
Չնայած հրադադարի ռեժիմը չխախտելու միջազգային կոչերին՝ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական հռետորաբանությունից եւ կրկին հայտարարում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե զինվորից մինչեւ գեներալ պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին, եւ հոխորտացել, թե իրենք դրա համար ունենք բոլոր տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական ռեսուրսները:
Դոլարի փոխարժեքն այսօր մի փոքր աճել է եւ կազմել 477 դրամ: Ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են՝ համապատասխանաբար 7,13 եւ 532 դրամ: Ֆունտը թանկացել է՝ 681 դրամ:
Հայաստանի տարածքում ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում այս գիշեր կլինի մինչև 10, իսկ վաղը ցերեկը՝ 26 աստիճան տաքություն:











