Թուրքիան փորձում է եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի վրա, որի նախագիծը նվիրված է 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությանը: Նվագախմբի ներկայացուցիչ Մարկուս Ռինդտի տեղեկացմամբ, ԵՄ-ում Թուրքիայի դեսպանը պահանջել է դադարեցնել Aghet (Աղետ) նախագծի իրականացումը: Ըստ DPA-ի, Ռինդտը նշել է, որ այդ քայլը «ոտնձգություն է արտահայտվելու ազատության հանդեպ»:

Չնայած Թուրքիայի ճնշումներին՝ Եվրահանձնաժողովին առընթեր կրթության եւ մշակույթի հարցերի գործակալությունը շարունակում է սատարել նախագիծը: Dresdner Neuste Nachrichten պարբերականի փոխանցմամբ, Ռինդտը պարզաբանել է, որ գործակալությունը, ամեն դեպքում, ընդառաջել է թուրքական կողմին՝ Aghet նախագծի մասին տեղեկությունը հանելով իր կայքից: Նվագախումբը հավանության չի արժանացնում այս քայլը:

2015 թվականի նոյեմբերին Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է Aghet նախագիծը, որի պրեմիերան կայացել է Բեռլինում: Այն նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններին, որն Անկարան հրաժարվում է ցեղասպանություն ճանաչել: Միաժամանակ, նախագծի կայքում նույնպես այդ բառը չի գործածվում:

Ըստ Deutsche Welle-ի, Գերմանական կայսրությունն այդ տարիներին օսմանցիների գլխավոր դաշնակիցն էր, եւ գերմանացի սպաները մասնակցել են տեղի ունեցածին:

Նախագծին, որը, ըստ հեղինակների, հաշտություն է խորհրդանշում, մասնակցում են երաժիշտներ Թուրքիայից, Հայաստանից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ բալկանյան երկրներից: Գերմանիայում մի քանի ելույթներից հետո, 2016 թվականի նոյեմբերին նախագիծը կներկայացվի Բելգրադում, Երեւանում եւ Ստամբուլում: