Հռոմի Պապի այցը Հարավային Կովկաս կազդարարի լուսավոր ապագան, որը կհաղթահարի ծանրագույն ներկան: Այդ մասին Վատիկանի Ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը Վատիկանի արեւելյան եկեղեցիների հարցով կոնգրեգացիայի պրեֆեկտն է: 

Նշենք, որ կարդինալ Սանդրին ապրիլի 24-ին հայ եպիսկոպոսական լիցեյում  հիշատակի պատարագ կմատուցի:  

Հարցազրույցում նա ասել է.

«Ես հավատում եմ, որ անպայման պետք է հիշել անցյալն իր ծանրագույն իրադարձություններով: Բայց պետք է վերածնվել նոր հնարավորությունների եւ հույսերի համար: 

Նաեւ վերքեր են մնացել: Մենք բոլորս խորապես ցավում ենք Լեռնային Ղարաբաղում մարդկանց մահվան համար: Եվ մենք հույս ունենք, որ միջազգային օգնությամբ հնարավոր կլինի արդարացի եւ երկարաժամկետ լուծում գտնել հակամարտությանը, որը կարող է ծանրագույն հետեւանքներ ունենալ երկու ժողովրդի համար, այդ թվում` հայերի, որոնք այնքան թանկ են կաթոլիկական եկեղեցու համար: Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: 

Հուսանք, որ հակամարտությունը կրոնների պատերազմի չի վերաճի: Այդ պատճառով մտածում եմ, որ անհրաժեշտ է բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են եւ պիտի օգնեն, որպեսզի չլինեն այնպիսի բախումներ, որոնք բազմապատկում են հայ ժողովրդի տառապանքները:  Եվ որպեսզի դրանք չավելանան կրոնների եւ ժողովուրդների պատերազմներին, որոնք թունավորում են մարդկային գոյությունը:     

Հռոմի պապի այցը Կովկաս տեղի կունենա երկու փուլով: Հայաստան, հետո` Վրաստան եւ Ադրբեջան, ինչպես արդեն հաղորդել է Սուրբ Աթոռը: 

Պապը կհանդիպի մարդկանց: Նա կկարողանա իրականացնել այն, ինչ արել է իր բոլոր ուղեւորությունների ընթացքում` հանդիպել, լինել հատկապես նրանց կողքին, ովքեր տառապում են: Միաժամանակ այդ հանդիպումը կազդարարի ապագան, որը կհաղթահարի ծանրագույն ներկան: 

Ճիշտ այդպես էլ Հռոմի պապն այցելել է Լեսբոս եւ Լամպեդուզա, հայտարարելով, որ այն, ինչ կատարվում է այնտեղ, չպիտի տեղի ունենա: Չի կարելի այդ մարդկանց զոհաբերել այլ շահերի եւ նախագծերի: 

Պապը իր գիրքը եւ սիրտը բացում է հավատացյալների առաջ, բայց ազդարարում է մի ապագա, որի համար մենք պիտի անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է:  Որպեսզի ապագայի Հայաստանը տեսնենք ազատ, իր բոլոր արժեքները միջազգային հանրությանը տանող: 

Կարծում եմ, այս այցը բարիք կբերի եւ թանկագին ու սիրելի Հայաստանին, եւ  մյուս երկրներին` Վրաստանին եւ Ադրբեջանին: Կովկասը պիտի կամուրջ լինի, որը միավորում է Արեւմուտքը եւ Արեւելքը, ոչ թե բաժանարար պատերի եւ պատերազմների վայր»: