Ջորջ Քլունիի`  միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելությունը համաշխարհային շատ պարբերականների եւ լրատվական գործակալությունների թեման է դարձել:   

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայերի հետ ոգեկոչել է օսմանյան թուրքերի կողմից 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցը, գրում է Associated Press-ը: 

Գործակալությունը նշում է, որ Քլունին արտահայտվել է այն երկրների օգտին, որոնք սպանությունները որպես ցեղասպանություն են ճանաչել, ինչը չեն արել Միացյալ Նահանգները:  

France Presse գործակալությունը Քլունիին անվանում է «զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համոզված ջատագով», ընդգծելով, որ դերասանը մասնակցել է «Երեւանում հուզական միջոցառումներին»:

Քլունին՝ Հոլիվուդի 54-ամյա աստղը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երգիչ Շառլ Ազնավուրի հետ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, գրում է Deutsche Welle-ն։

Համաշխարհային լրատվամիջոցները մանրամասն նկարագրել են Քլունիի ելույթը, որը նա արտասանել էր մրցանակաբաշխության ժամանակ եւ հայտարարել, որ ինքը միգրանտների սերունդ է։

«Ջորջ Քլունին Հայաստանում մարդասիրական կոնֆերանսի ժամանակ նկարագրել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել սովից՝ կոչ անելով աշխարհին հիշել, որ փախստականները նույնպես մարդիկ են, ինչպես բոլորը»,- գրում է The Telegraph-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Քլունին նշել է, որ դահլիճում բոլոր ներկաները ինչ-որ մի մարդու թանկ արարքի արդյունք են։