Ֆրանսիայի կառավարությունն ու նախագահը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին ուղերձ են ուղարկել: Ուղերձը բերել է Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Այսօր նա Երեւանում է, որտեղից Բաքու է մեկնելու:
«Ես այստեղ եմ Ֆրանսիայի կառավարության ու նախագահի հանձնարարականով ու ինձ հետ բերել եմ հաշտեցման ու բանակցությունները վերսկսելու մասին ուղերձ»- հայտարարել է Դեզիրը Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության կոչը կապակցված է լարվածության նվազեցման անհրաժեշտության հետ, քանի որ իրավիճակը չափազանց լարված ու պայթյունավտանգ է:
«Ֆրանսիան, լինելով Հայաստանի բարեկամը, ցանկանում է, որ Հայաստանը խաղաղ ապրի: Պատերազմը արդեն շատ կյանքեր է խլել զինվորականների ու խաղաղ բնակչության շրջանում: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ ու բերել եմ բանակցային գործընթացը վերսկսելու ուղերձը: 30 տարի տեւած հակամարտությոնը, որի հետեւանքով ավելի քան 25 հազար մարդ է զոհվել, չի կարող բնութագրվել որպես սառեցված: Ամեն տարի նոր զոհեր են լինում, նոր փախստականներ:
Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, մյուս համանախագահների հետ միասին ջանք չի խնայում հակամարտության վերջնական կարգավորումն ապահովելու համար:
Ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի իրականացնի այն սկզբունքները, որոնք ընդունված է համարել Մադրիդյան՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք: Այս երեք սկզբունքների վրա պետք է հիմնվի կարգավորումը»,- հայտնել է Դեզիրը:
Նրա խոսքով, հիմա առաջնահերթ է հրադադարի ռեժիմի ամրապնդումը ու դրա պահպանման նպատակով վերահսկման մեխանիզմների ներդրումը: «Սա այն առաջարկների մի մասն է , որոնք 2014-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Այդ հանդիպման ընթացքում առաջարկ է եղել նաեւ ստեղծել վստահության մեխանիզմներ՝ բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է պետքարտուղարը:
,Ֆրանսիան, ինչպես ես այսօր ասել եմ Հայաստանի նախագահի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ժամանակ, բոլոր ջանքերն ու ներուժը կօգտագործի գործընթացի առաջխաղացմանն աջակցելու համար:
Այս նույն ուղերձը ես վաղը կփոխանցեմ Բաքվին՝ քաղաքական ղեավարության հետ հանդիպման ժամանակ:Ես արդեն ասացի, որ ուղերձում երկու կարեւորագույն տարրեր կան՝ հսկողության մեխանիզմի ներդրումը ու ուժի կիրառումից կողմերին հետ պահելը: Բանակցային գործընթաց, որի հիմքում փոխզիջումներն են»,- նշել է Դեզիրը:





























