Ցանցահենները մուտք են ստացել Facebook-ի ներքին կորպորատիվ ցանցին եւ մի քանի ամսվա ընթացքում օգտվել են սոցցանցի աշխատակիցների հարյուրավոր հաշիվներից, հայտնում է The Guardian-ը:
Կորպորատիվ ցանցի ներսում կասկածելի ակտիվություն է հայտնաբերվել այս տարվա փետրվարին մոնիտորինգի ընթացքում:
Հետաքննության ընթացքում մոտ յոթ խոցելիություն է հայտնաբերվել, այդ թվում նաեւ` ֆայլերի փոխանցման ծառայությունում: Անվտանգության աշխատակիցները նաեւ պարզել են, որ առնվազն մեկ ցանցահեն վարկաբեկել է Facebook-ը եւ գործել է կորպորատիվ ցանցի ներսում, հայտնում է Gazeta-ն:
Facebook-ն օգտատերերի տվյալները կորպորատիվ ցանցից առանձին է պահում: Հայտնի չէ` արդյոք Facebook-ի աշխատակցի հաշվառման տվյալները մուտք են տալիս օգտատերերի տեղեկություններին:




























