Երեւանի քաղաքապետարանը մտադիր է կրճատել մշակութային ծրագրերին տրամադրվող գումարները եւ դրանք ուղղել զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամներն այսօր` ապրիլի 27-ին, մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը:

«Մենք հանձնարարել ենք ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների ֆինանսական վիճակը եւ ներկայացնել, թե ինչ օգնություն կարող ենք տրամադրել նրանց: Նույնը վերաբերում է նաեւ վիրավորված զինծառայողներին տրամադրվող օգնության մասին: Բացի դրանից, մենք մտադիր ենք բնակարան հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում: Երբ ուսումնասիրությունը պատրաստ լինի, կդիմենք նաեւ ավագանու անդամներին»,- նիստին ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի խոսքով` իրենք մտադիր են կրճատել մշակութային ծրագրերին տրամադրվող գումարները եւ դրանք ուղղել զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:

«Մեր հետագա ծրագրերում այս ընտանիքները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց նա: