Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 27-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ եւ կարեւորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Ի հավելումն դրա, երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները եւս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:





























