Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 8-ամյա բնակիչ Արեն Գրիգորյանը, որի դին ապրիլի 26-ին, գտել են Որոտան գետում, 2 ընկերների հետ գնացել էր Որոտան գետի մոտ խաղալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շաղատի բնակիչներից տիկին Նոռան: Նրա խոսքով, Որոտան գետը գյուղին այնքան էլ մոտ չէ, երբ Արենը ընկել է գետը, նրա հետ եղած ընկերներից մեկը վազելով եկել եւ դեպքի մասին տեղեկացրել է գետին որոշ չափով մոտ բնակվող բնակիչներին: Սակայն, մինչեւ բնակիչների եւ փրկարարների հասնելը՝ երեխան մահացած է եղել:
«Դեպքը երեկոյան ժամը 6-ից հետո է եղել, դեռ պարզ չէ, թե դեպքը կոնկրետ ինչպես է տեղի ունեցել: Գետն են գնացել, երեխեքից մեկն եկել ասել է, որ Արենը ընկել է գետը, մինչեւ հասել են, մահացած է եղել:»,-ասաց տիկին Նոռան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերեւույթի վրա:





























