Իրանի գիտական հզորությունը Թեհրանին թույլ է տալիս միջմայրցամաքային հրթիռներ արտադրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փորձագետների հավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Համիդ Բաեդինեժադը:

Ըստ Press-TV-ի, նա հիշեցրել է, որ «Իսլամական հանրապետության ռազմական դոկտրինը հիմնված է պաշտպանության վրա, իսկ ռազմական ներուժն ուղղված է թշնամական սպառնալիքի չեզոքացմանը»:

«Ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների եւ աշխարհի առաջատար տերությունների ռազմական քաղաքականության՝ մեր ռազմական դոկտրինը տարածաշրջանում կամ միջազգային մակարդակով սրման սպառնալիքի նպատակ չի հետապնդում: Մեր երկրի հզորությունն աճում է: Այսօր մենք պաշտպանական ոլորտներում որեւէ սահմանափակումներ չունենք, ինչպես նաեւ որեւէ տեխնիկական սահմանափակում չունենք մեր հրթիռային ծրագրում»,- ընդգծել է Բաեդինեժադը: