Վրաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, «Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է ստի մեջ։
Ինչպես հայտնում է վրացական «Վզգլյադ» թերթը, Բուրջանաձեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի նախագահի՝ աղքատության հաղթահարման մասին հայտարարությունները չեն համընկնում Համաշխարհային բանկի տվյալների հետ, որի գնահատականներով Վրաստանի բնակչության շուրջ 60 տոկոսն աղքատ է։
Նա նաեւ հայտարարել է, որ Վրաստանը տնտեսության զարգացման տեմպերով հետ է Հայաստանից եւ Ադրբեջանից։
«ՄԱԿ-ի ամբիոնից Սահակաշվիլին ասաց, որ համարձակ մարդկանց հաջողվում է ամեն ինչ, եւ խոսում էր խիզախ առաջնորդների մասին։ Դա Սահակաշվիլիի կողմից ցինիզմ է, երբ երկու տարի առաջ ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես էր նա Գորիում թավալվում գետնին՝ զինված հակամարտության ժամանակ լսելով ինքնաթիռների ձայները»,- հայտարարեց Նինո Բուրջանաձեն։
Նրա խոսքով, երբ Սահակաշվիլին ՄԱԿ-ում խոսում էր այն մասին, որ Վրաստանը «փորձերի համար նախատեսված լաբորատորիա է», դա եւս ցինիզմ էր։





























