Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին մասնակցելուց հետո Հայաստանի ԱԳ նախարարն այցելել է Բոստոն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բոստոն ժամանելուն պես նա այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող «Հայկական ժառանգության պուրակ» կոչվող վայր, որտեղ հաջորդ տարի կավարտվեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքները: Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Էդվարդ Նալբանդյանին նախագծի վերաբերյալ բացատրություններ են տվել:
Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարարը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես է եկել Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիվ Հայաստանի շուրջ 150 դիվանագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում, եւ շնորհակալություն հայտնել Ֆլետչերի դպրոցի ղեկավարությանը շարունակական համագործակցության համար:
Է. Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նա պատասխանել է ներկաների հարցերին:
Ելույթից հետո Նալբանդյանը հանդիպել է Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթին, որի հետ քննարկել է ԱԳՆ եւ հաստատության միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բոստոնի հայ համայնքի կողմից ՀՀ ԱԳ նախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որին խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Ավարտելով այցելությունը Միացյալ Նահանգներ` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Երեւան:




























