Ռուսաստանի գլխավոր դեմքերը մեկնաբանում են Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնից հեռացնելու Մեդվեդեւի որոշումը: Այսպես. Սիկտիվկարում երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լուժկովը պետք է ժամանակին քայլեր ձեռնարկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: «Ակնհայտ է, որ Մոսկվայի քաղաքապետի հարաբերությունները նախագահի հետ չէին դասավորվել: Միաժամանակ, քաղաքապետը նախագահի ստորադասն է, ոչ թե` հակառակը: Դրա համար էլ պետք էր ժամանակին քայլեր ձեռնարկել այդ հարաբերությունները նորմալացնելու համար»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, որ Լուժկովն աշխատանքից ազատվել է օրենքի համաձայն եւ երկրի նախագահի կողմից այդ հարցում ոչ մի հակասող գործողություններ չեն եղել: Պուտինը նաեւ ընդգծել է, որ, իհարկե, Լուժկովը շատ բան է արել Մոսկվայի զարգացման համար եւ նշանակալի ֆիգուր է ժամանակակից Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Լուժկովին աշխատանքից ազատել է «վստահության կորստի հետ կապված»:

Սեպտեմբերի 28-ին Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Վլադիմիր Ռեսինին նշանակել է քաղաքապետի պաշտոնակատար: Նշենք, որ Ռեսինը Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է: