Ֆրանսիացի փորձագետ Լորան Էսլոն, ով Symantec-ում անվտանգության համակարգերի բաժնի ղեկավարն է, կարծիք է հայտնել, որ Իրանի եւ մի շարք այլ երկրների դեմ «աննախադեպ բարդության» համակարգչային վիրուս է օգտագործվել: Նրա խոսքով, Stuxnet անվանումով վիրուսի ստեղծման վրա աշխատել են, առնվազն, 6-10 մարդ` 6-9 ամիս շարունակ: «Վիրուսի բարդության մակարդակն ապշեցնում է: Դա բարձր պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանք է, որի մակարդակը ավելի բարձր է, քան սովորական էլեկտրոնային հանցագործների խմբերինը»,- հայտարարել է Էսլոն, հավելելով, որ վնասակար վիրուսը բավական լավ քողարկված է եւ ոչ ոքի չի հաջողվել գտնել այն, նախքան ակտիվ գործողությունների անցնելը:

Վիրուսի հարձակման սպառնալիքի մակարդակը, փորձագտը «շատ լուրջ» է գնահատել եւ նշել, որ իր համար անհայտ է, թե որն է եղել վիրուսի հեղինակների վերջնական նպատակը:

Վիրուսն արդեն լուրջ վնասել է արդյունաբերական սարքերի կառավարման ավտոմատ համակարգերը, որոնք հիմնականում գործել են Siemens ընկերության ստեղծած համակարգչային ծրագրերի հիման վրա:

Փորձագետը նշել է, որ առկա տվյալներով, վիրուսի հրաձակման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իրանում (շուրջ 60 տոկոս), այնուհետեւ Ինդոնեզիայում (20 տոկոս) եւ Հնդկաստանում (8 տոկոս):