«Հայրենիքի համար պետք է կռվել մինչեւ արյան վերջին կաթիլը». ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի 20-ամյա  տանկիստ Տիգրան Աբգարյանը հորն էր ասել մինչեւ բանակ զորակոչվելը: «Տիգրանս մեր հայ ժողովրդի կերպարն է, հայ ազգի գեղեցկությունը, հայ ազգի դուխը» ,- այսպես է որդուն բնութագրում Տիգրանի հայրը՝ Արամ Աբգարյանը ու մտորում. «Երեւի Աստված ընտրել էր էդ լավագույններին, որ չորս օրվա մեջ էդ կռիվը մղեն ու կանգնեցնեն հակառակորդին»:

Իհարկե, կռիվը չի կանգնել, կռիվը դեռ կշարունակվի՝ ասում է Արամ Աբգարյանը: Իսկ կռվում հաղթելու համար Հաայստանին Տիգրաններ են պետք, իր որդու նման հերոսներ:

Տիգրանը դեռ դպրոցական հասակից սիրել է մեքենա վարել ու ժամանակի ընթացքում ավելի է հմտացել: Ավելի ուշ, երբ բանակ է գնացել, դարձել է լավ տանկիստ ու ավտոմեխանիկ:

Եղբայրը հիշում է՝ Տիգրանն իրեն տրված առաջադրանքը միշտ փորձում էր ավելի լավ անել, ու ամեն ինչ սիրով էր անում: «Մտքին որ մի բան դնում էր, պարտադիր հասնում էր: Ինքն իր ծառայության ընթացքում արժանացել է թե մեդալի, թե մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, միշտ աչքի է ընկել որպես հմուտ տանկիստ ու այս տարի մարտի վերջին, որ խոսեցի հետը, ասեց, որ նախապատրաստվում են զորավարժությունների, որ գնան ՌԴ «Տանկային Բիաթլոնին» մասնակցելու»,- ասում է՝ Տիգրանի եղբայրը՝ Ժորան:

«Ութ տանկից ոչ մեկը չի կարողացել իրա տանկին առաջինը խփի, հակատանկային ֆագոտով են խփել, հետո նոր տանկերը կարողացել են իրա վրա նշան բռնեն: Երեք տանկ էդ մարտի ժամանակ է խփել, մի հատ էլ մինչեւ այդ է խփել այդ »,- ասում է եղբայրը:

«Զարմանում եմ՝ Տիգրանս ինչ դուխ ու էներգիա պիտի ունենար, որ մտներ էդքան տանկի մեջ ու կռիվ տար, հերոս ու անվախ էր տղես, հպարտությունս, բայց շատ կուզենամ, որ էս ամենը ավարտվի ու այլեւս զոհեր չունենանք, բայց մի բան էլ՝ մեր երկրին հենց Տիգրաններ են պետք՝ դուխով ու քաջ»,- ասաց Արամ Աբգարյանը:

Տիգրան Աբգարյանը բանակից զորացրվելուց հետո դեռ շատ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք այդպես էլ անկատար մնացին. «Երազանքներ շատ ուներ ու կարեւորը գիտեք՝ որն է, մենք վստահ էինք, որ նա հաստատ այդ երազանքներին կհասներ, համառ ձգտում ուներ: Ուզում  էր նախ սպորտը շարունակել, ուզում էր սեւ գոտի ստանալ, կեմպո էր պարապում, հետո ամենակարեւորը ասում էր՝ հենց վերադառնա ծառայությունից, աշխատանք է գտնելու ու ընտանիք կազմի»:

«Մինչեւ հիմա սպասում ենք, որ ինն ամսից տուն կգա: Ես  ամեն օր ելնում եմ առավոտները, տղուս հետ եմ խոսում, գիշերները երազիս մեջ իրա հետ տանկով կռվի եմ գնում, ես ել եմ տանկիստ եղել, միշաատա պատկերացնում եմ՝ ոնց ենք ես ու ինքը տանկի  մեջ կռվում ենք թշնամու դեմ, ու աչքիս առաջ գալիս են իրա աչքերը»,- ասում է հայրը:

Նշենք, որ Պաշտպանության բանակի շարքային զինծառայող,  20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է Ջրակնի (Ջեբրայիլ) հատվածում: Գյումրեցի Տիգրանը տանկով դուրս է եկել առաջնագիծ, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ եւ հերոսաբար զոհվել: Տիգրան Աբգարյանին ապրիլի 10-ին հողին են հանձնել: Նրա հուղարկավորության օրը լույս աշխարհ եկած իրենց նորածին որդուն շիրակցի Խաչատրյան ամուսինները Տիգրան են անվանել՝ խիզախ տանկիստի պատվին: