Լեռնային Ղարաբաղի լուծմամբ ուղղակի շահագրգռված երկրներն են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Նման կարծիք է հայտնել քաղաքական հակամարտությունների փորձագետ, ՌԴ հասարակական խպալատի անդամ եւ ռուսական առաջին ալիքի հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես օրինակ, կարծում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցած 2 տարում, խաղացել եւ խաղալու են հսկայական դեր»,- ասել է նա:
«Վաշինգթոնում կամ Բրյուսելում նստած մարդիկ թքած ունեն հայերի ու ադրբեջանցիների կյանքի, մահվան ու արյան վրա: Ինձ թվում է, որ ԼՂ խնդիրը լուծելու համար պետք է հաշվի առնել ոչ միայն համաշխարհային խաղացողների շահերը, որոնց համար տարածաշրջանը եւ այնտեղ ապրող ժողովուրդները ընդամենը շախմատի տախտակի զինվորներ են: Ես տեսել եմ այն սխեմաները, որոնք նրանք գծում են: Այդտեղ միայն խողովակաշարեր են: Այդ սխեմաներում չկան այն զինվորները, որոնք պետք է զոհվեն, չկան նրանց կանայք, մայրերը, քույրերը, որոնք հետո պետք է արցունք թափեն, եթե ինչ-որ բան տեղի ունենա»,- նշել է Շեւչենկոն:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն այն է, որ պատերազմը չի կրկնվել:
Փորձագետի ներկայացմամբ, այս փուլում չկա բեկումի հնարավորություն ԼՂ խնդրում:





























