Բարոյական չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պատերազմը դեռ շարունակվում է: Այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին:

Ըստ Արմեն Աշոտյանի` այս օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են արհեստական օրակարգեր ստեղծել:

«Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են օգտագործել ստեղծված իրավիճակը, քանի որ քաղաքական դաշտը նախանախընտրական փուլում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է արտաքին դիվանագիտությանը, ՀՀԿ փոխնախագահը հորդորեց չսպասել «ռեալիթի շոու»:

«Արտաքին դիվանագիտության մեջ պահանջել կտրուկ փոփոխություններ, կարճատեսության հետեւանք է: Արտաքին դիվանագիտությունից պետք չէ ակնկալել ռեալիթի շոու: Ծիծաղելի է այս իրավիճակում լինել արեւմտամետ, եվրոպամետ, ռուսամետ: Մեր հարցը ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու»,- ասաց Արմեն Աշոտյանը: