ՀՀ կառավարությունը կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները:

Օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: