Մայիսի 3-ին Արցախի զորմասերից մեկում մահացած 19-ամյա Իգոր Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մարտին Մխիթարյանը նշեց, որ Իգորը ունի երկու քույր եւ մեկ եղբայր, նա 8 ամսից կզորացրվեր:

«Դպրոցն ավարտելուց հետո  զորակոչվել էր: Շատ բարեկիրթ, լավ տղա էր: Իրենք երեք երեխա են, սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Մայրը չի աշխտաում, հայրը աշխատանք չունի եւ իմ տեղեկություններով, նաեւ վատառողջ են»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի զորամասերից մեկում մայիսի 3-ին հայտնաբերվել է երկու զինծառայողի դի: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած զինծառայողները 19-ամյա Կորյուն Հարությունյանն ու Իգոր Հակոբյանն են:

Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր եւ  հրազենային, բեկորային  վնասվածքներ չկան:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննույթուն եւ ձեռնարկվում են քննչական եւ դատավարական գործողություններ մահվան հանգամանքները պարզելու համար: