«Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությանը «Արմավիա» ավիաընկերության պարտավորությունների ծավալը պարբերաբար փոխվում է պարտքի ամենօրյա մարման արդյունքում, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կառավարությանն առնընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը՝ մեկնաբանելով «Արմավիայի» պարտքերի հետ կապված իրավիճակը:

Ընդ որում, Հակոբյանը նկատել է, որ Հայաստանի ավիացիոն կարգավորիչը լիազորված չէ միջամտել երկու ընկերությունների փոխհարաբերություններին: «Մենք հետեւում ենք տեխնիկական կարգավորմանն ու թռիչքների անվտանգությանը, մնացածը գտնվում են երկու սուբյեկտների տնտեսական փոխհարաբերությունների տիրույթում: Թեեւ իրավիճակի զարգացման մասին մենք տեղեկությունների տիրապետում ենք»,- ասել է նա:

Նշենք, որ պարտքերի պատճառով սեպտեմբերի 16-ին ԱՄՕ-ն դադարեցրել էր «Արմավիայի» չվերթները «Զվարթնոց» օդանավակայանից: Նույն օրը չվերթները վերականգնվել էին: