ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը Հայաստանի հետ ինստիտուցիոնալ մակարդակում աշխատելու ուղղությամբ աուդիտ է անցկացրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կառավարությանն առընթեր Հայաստանի քաղավիացիայի աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը: Նրա խոսքով՝ աուդիտը դժվար է եղել, սակայն Հայաստանը հաղթահարել է այն:
«Այժմ աուդիտն անցկացվում է ընկերությունների մակարդակով: «Արմավիան» արդեն ավարտում է ԱՄՆ թռիչքներ իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտը»,-նշեց նա: Հակոբյանը հավելեց նաեւ, որ համաձայն պայմանավորվածության, Հայաստան չվերթներ կարող է իրականացնել ԱՄՆ-ում գրանցված ցանկացած ավիաընկերություն:
Նշենք, որ 2009 թվականի հունիսին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Open Skies («բաց երկինք») համաձայնագիր է ստորագրվել՝ քաղաքացիական ավիացիայի ազատականացման եւ ընդլայնման նպատակով: Ներկա դրությամբ` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 45 կնքված եւ նախաստորագրված պայմանագրեր ունի:




























