Հայաստանի եւ Ադրբեջանի հետ այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում գտնվող 8 ռազմագերիների, 6 քաղաքացիական ներկալվածների (պատանդների) եւ 2 դիակների հայրենադարձության շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում 8 ռազմագերիները, Աստաբացյանը չնշեց, հայտարարելով, ռազմագերիների մասին տեղեկատվությունը, ըստ ԿԽՄԿ-ի աշխատակարգի, գաղտնի է պահվում:
«Մեր կազմակերպության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է գերիներին: Սակայն այդ այցելության արդյունքները գաղտնապահության սկզբունքի շրջանակներում են մնում եւ մենք չենք հրապարակում, այլ գաղտնապահ երկխոսությունը շարունակում ենք համապատասխան իշխանությունների հետ: Տվյալ դեպքում՝ խոսքը գնում է Հայաստանի իշխանությունների»,-նշեց Աստաբացյանը: Մինչդեռ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիների եւ մասնավորապես սպանված երկու ադրբեջանցի զինվորների դիակների հետ վարվում են «ոչ թե մարդասիրական, այլ վրեժի սկզբունքից ելնելով»: Աշոտ Աստաբացմանը ձեռնպահ մնաց ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն անելուց, եւ դժվարացավ ասել, թե ինչ խողովակներով է նա իմացել ռազմագերիների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասին:
Նկատենք, որ ԿԽՄԿ-ն չեզոք միջնորդի կարգավիճակ ունի Ադրբեջանի եւ Հայսատանի միջեւ եւ զբաղվում է գերիների հայրենադարձությամբ: Նշենք, որ Հայաստանից ադրբեջանցի 1 ռազմագերի վերջին անգամ հայրենադարձվել է 2010 թվականի ապրիլի 7-ին: Իսկ ապրիլի 3-ին հայրենադարձվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա սպանված 2 դիակ:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Արեւելյան Եվրոպայի օպերատիվ գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագները: Նա, ինչպես նաեւ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Նադյա Կեբիր Ռաոլոսոնին հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիներին եւ քաղաքացիական ներկալվածներին (պատանդներին) վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանական կողմում գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու խնդրին եւ մասնավորապես, վերջերս ադրբեջանցիների կողմից ձերբակալված ու ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով «դիվերսանտ» հորջորջվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հայրենադարձման հարցին:




























