Ադրբեջանում ընթացիկ տարվա սկզբից բացահայտվել է միգրացիոն օրենսդրության խախտման 8000-ից ավելի դեպք, որոնց ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայության ղեկավար Արզու Ռահիմովը: Նա, պատասխանելով հարցին, թե հատկապես ո՞ր երկրի քաղաքացիներն են ավելի շատ խախտում օրենսդրությունը, զգուշաբար նշել է, որ ճիշտ չէ կոնկրետ երկրի անուն նշելը:
«Օրինակ, խախտման դեպքեր են արձանագրվում Թուրքիայի քաղաքացիների կողմից: Սակայն պետք է նկատի ունենալ, որ որքան շատ են կոնկրետ ինչ-որ երկրի միգրանտները, այնքան բարձր է նրանց կողմից թույլ տրվող վարչական խախտումների տոկոսը»: Ռահիմովը միաժամանակ հավելել է, որ այս տարվա սկզբից իրականացված միջոցառումների արդյունքները ցույց են տվել, որ Ադրբեջանի տարածքից արտաքսվել են շուրջ 400 Չինաստանի եւ նույնքան էլ Պակիստանի քաղաքացիներ:




























