Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան մոտ 2 ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանի միկրոտնտեսությունն աշխատում է հնացած շարժիչով, եւ որ այն հարկավոր է փոխել։ Հայաստանի կառավարությունը այնքան էլ չխանդավառվեց միկրոմիջավայրը կտրուկ բարելավելու Գ. Տոլոսայի առաջարկով։

Այսօր NEWS.am-ը առիթ ունեցավ Տոլոսայից հետաքրքրվելու, արդյոք, դեռեւս աշխատում ենք հին շարժիչո՞վ։ «Իսկապես նոր միջավայրում խիստ անհրաժեշտ է այդ նոր շարժիչը։ Այսօրվա դրությամբ դեռեւս հին շարժիչով ենք աշխատում, բայց տեսնում ենք, որ նոր շարժիչի առաջին մասերն արդեն ձեւավորվում են։ Կարող ենք քննարկել՝ նոր շարժիչը պատրաստվո՞ւմ է պատշաճ արագությամբ։ Բայց էական կասկածներ չունենք, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,- պատասխանեց Տոլոսան։