Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան քննադատել է Հայաստանում վարվող հարկային քաղաքականությունը: Այսօր` սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա «զավեշտալի» է համարել ավելացված արժեքի գերավճարների բարձր չափը, որն արտահայտում է կառավարության պարտքը` արտահանողներին։ Գիլերմոյի խոսքով՝ իրենք կառավարության հետ քննարկում են այս հարցը եւ փորձում հասկանալ, թե ինչու է պարտքը այդքան բարձր։

«Փոխանակ արտահանմանը օգնելու, վնասում եք»,- եզրակացրեց ԱՄՀ ներկայացուցիչը։ Սակայն Գիլերմոն ասաց նաեւ, որ ԱՄՀ-ին ուղղված նամակում կառավարությունը հանձն է առել լուծել այս խնդիրը։

Գիլերմոն դրական արտահայտվեց կառավարության կողմից հարկային վարչարարության ուղղությամբ կատարած վերջին քայլերի մասին։ Խոսքը վերաբերում է ֆինանսների նախարարությունում հարկային գանգատները քննելու հանձնաժողովի ստեղծմանը, եւ ֆինանսների նախարարությանը հարկային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու իրավունքի տրամադրմանը։