Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարն արդեն երկրորդ օրն անցնում է օտարերկրյա մամուլի համար փակ ռեժիմում, ակնկալվում է, որ համագումարի վերաբերյալ տեղեկությունը կհայտնվի պաշտոնական հյուսիսկորեական հեռուստատեսության երեկոյան թողարկման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ ԿԱԿ-ի 7-րդ համագումարի լուսաբանման համար, որը տեղի է ունենում 1980-ից ի վեր առաջին անգամ, Փհենյան է եկել մոտ 180 օտարերկրյա լրագրող: Սակայն համագումարի առաջին օրը նրանց չի հաջողվել ներկա լինել միջոցառմանը: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի ողջույնի խոսքը ցուցադրվել է «Չոսոն» հեռուստաալիքի երեկոյան թողարկման մեջ:
Համագումարի անցկացման երկրորդ օրը օտարերկրյա լրագրողներին տարել են Մանգյոնդեի թանգարան-արգելոց` տեղ, որտեղ ծնվել է նախագահ Կիմ Իր Սենը: Դրանից հետո օտարերկրյա ԶԼՄ-ներին ցուցադրել են Փհենյանի մետրոն եւ, մասնավորապես, հյուսիսկորեական արտադրության նոր վագոնները, որոնք հայտնվել են անցյալ տարվա հոկտեմբերին: Առայժմ նոր վագոններով ընդամենը մի քանի գնացք կա: Հետո օտարերկրյա մամուլին տարել են նոր տներով թաղամաս, որոնք կառուցվել են գիտնականների համար:





























