Համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը, 2,5:1,5 հաշվով պարտության մատնելով Լեհաստանին, վաստակեց 13 միավոր եւ պահպանեց մեդալի համար պայքարելու հնարավորությունը: Տուրի գլխավոր հանդիպումը երկու առաջատարների` Ռուսաստանի առաջին թիմի եւ Ուկրաինայի միջեւ ավարտվեց 2:2 հաշվով:

Միավորը կիսեցին Կրամնիկն ու Իվանչուկը եւ Սվիդլերն ու Պոնոմարյովը: Կարյակինը հաղթեց Էլյանովին, Մալախովը պարտվեց Եֆիմենկոյին: Ուկրաինան 14 միավորով պահպանեց առաջին տեղը, Ռուսաստանն էլ 13 միավորով մնաց երկրորդ տեղում: Ոչ ոքի` 2:2 հաշվով խաղացին նաեւ Հունգարիան ու Ադրբեջանը եւ 13-ական միավորով հավասարվեցին Հայաստանին: 13-ական միավոր ունեն նաեւ Վրաստանն ու Ֆրանսիան: Վրաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Բելառուսին, Ֆրանսիան 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի երկրորդ թիմին: