Իրանական ազգային նավթային NIOC ընկերության ներկայացուցիչը հայտնել է Թեհրանի պատրաստակամության մասին` միանալու արդյունահանման ծավալների սառեցմանը, որովհետեւ Իրանն արդեն հասել է արտադրության ցանկալի մակարդակին: Այդ մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

NIOC-ի միջազգային կապերի տնօրեն Մոհսեն Կամսարին հայտնել է, որ Իրանն արդեն հասել է արդյունահանման նպատակային ցուցանիշի. վկայակոչելով ՕՊԵԿ-ի հաշվարկները, նա հայտնել է օրական  4,2 մլն բարել թիվը:

«Համապատասխանաբար, թիվը, որին ձգտում էր նավթի նախարարը  (Բիջան Զանգանեն), ձեռք է բերվել, եւ մենք կարող ենք միանալ նավթի արդյունահանման սառեցման պլանին», — ասել է նա:

Միաժամանակ Կամսարին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի նախարարը: 

Ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել նավթ արտադրող  երկրների ներկայացուցիչների հանդիպումը: Ակնկալվում էր, որ կողմերը համաձայնագիր կստորագրեն սառեցման վերաբերյալ, որպեսզի ածխաջրածինների գների հետագա անկում թույլ չտան:  Սակայն գործարքը չի կայացել այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան հրաժարվել է որեւէ փաստաթուղթ ստորագրել առանց Իրանի մասնակցության: Միաժամանակ Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չեն եկել Դոհա: