Մայիսի 2-ից անհետ կորած՝ Լոռու մարզի Շնող գյուղի 56-ամյա բնակիչ Գառնիկ Պետրոսյանի որոնողական աշխատանքներ ամեն օր տեղացող անձրեւների պատճառով անհաջող են ընթանում:

«Ամեն օր երեկոյան անձրեւ է տեղում, գետը բավական վարար է, չենք կարում գտնենք: Մի քիչ որ գետի մակարդակը իջներ, կլիներ գտնել, բայց ամեն օր երեկոյան անձրեւ է գալիս, խանգարում է»,- NEWS.am-ին ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Այսօր՝ մայիսի 7-ին, որոնողական աշխատանքներին նոր խմբեր են միացել՝ այդ թվում գյուղացիներից:

Հիշեցնենք, որ Գառնիկ Պետրոսյանը կորել է իր միակ հարազատի՝ մոր հուղարկավորությունից երկու օր անց: Նրան վերջին անգամ տեսել են ալկոհոլի ազդեցության տակ, ասել է, որ ոչ մեկին այլեւս պետք չէ, գնում է գետը նետվի:

Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է եղել, ունեցել է երեխաներ, որոնք մահացած են: