Ինտերնետային հանրահայտ Skype ծառայությունը շուտով, հնարավոր է, ինտեգրվի աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի` Facebook-ի հետ:
Սերտ համագործակցության մասին համաձայնությունն իր մեջ կներառի sms հաղորդակցությունը, ձայնային չաթը եւ Facebook Connect ծառայությունը, որը թույլ կտա օգտագործողներին այցելել օտար կայքեր` սեփական հաշվառման գրառումների օգնությամբ, հաղորդում է Vesti.ru-ն:
Բացի այդ, Skype-ի օգտագործողները կկարողանան իրենց շփումների ցանկերը փոխանցել Facebook-ից, զանգահարել իրենց ընկերներին, ուղարկել sms-ներ: Այս գործառույթների հնարավորությունը կլինի Skype 5.0 նոր տարբերակում, որի «բետա» տարբերակը ի հայտ կգա առաջիկա շաբաթներին:
Այս քայլը երկուստեք շահավետ է, քանի որ այսպիսով Skype-ը զգալիորեն կընդլայնի իր օգտագործողների թիվը, իսկ Facebook-ը հնարավորություն կունենա շփման նոր միջոցներ առաջարկել:
Skype-ն ունի 560 մլն օգտագործող, իսկ Facebook-ում գրանցվածների թիվը հասնում է կես միլիարդի:





























