Մարտունու ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկն ենք բարձրանում: Ճանապարհին իմանում ենք, որ այնտեղ է նաեւ զորամասի հոգեւոր սպասավորը: Դիրքեր հասնելուն պես շուրջս եմ նայում, հոգեւորականի չեմ նկատում:
«Ահա մեր հոգեւոր առաջնորդը»,- ասում է զինծառայողներից մեկն ու ցույց տալիս զինվորական համազգեստով, փոքրամարմին մի երիտասարդի: Զարմացած նայում եմ նրան. զինծառայող է` զենքն ուսին: Ուշադիր նայելուց հետո եմ նկատում հոգեւորականի հագուստի օձիքը համազգեստի տակ: Հոգեւորականը զգում է տարակուսանքս ու չի սպասում, որ հարց տամ. «Աստվածաշնչում չկա մի հատված, որը կարգելի հայրենիքի, ընտանիքի եւ կրոնի պաշտպանության համար զենք վերցնել: Կա մի հատված ՝մի սպանիր, սակայն դա պաշտպանությանը չի վերաբերում: Ներկա պահիս ազգը պաշտպանական մարտ է վարում եւ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հոգեւորականը զինվորի հետ հավասար կռվել է»:
Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը Մարտունու դիրքերում է ապրիլի 1-ից: «Զենք վերցնելը ոչ միայն թույլատրելի է, այլեւ գովելի, եթե հայրենիքիպաշտպանության համար է: Ես, որպես հոգեւորական, պարտավոր եմ զենք վերցնել ու իմ զինվորի կողքին կանգնել, ոգեշնչել ու ոգեւորել»:
Հայր Գեղարդն ավարտել է Գեւորգյան ճեմարանը, որոշ ժամանակ աշխատել այնտեղ: Երեւանցի հոգեւորականն արձակուրդներին անպայման Արցախ էր գալիս ու ժամանակն անցկացնում Գանձասարում: Այս տարվա հունվարից ծառայում է Արցախի զորամասերից մեկում:
Զինվորներն ասում են՝ հոգեւորականի ներկայությունը դիրքերում իրենց ուժ է տալիս: Հիմա, ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է,որ հավատն ավելի ուժեղ լինի: Դիրքերի մի անկյունում զինվորները փոքրիկ մատուռ են կառուցել: Այստեղ ամեն օր աղոթում են խաղաղության, իսկ մարտից առաջ՝ հաղթանակի համար:











