Այս պատերազմը չէր սկսվի, եթե խախտված չլիներ  ռազմաքաղաքական բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Հայաստանի տնտեսությունը չգտնվեր այսպիսի անհեթեթ անծրագիր վիճակում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Ինձ համար ակնհայտ էր, որ էս պատերազմը չէր սկսվի, եթե խախտված չլիներ ռազմաքաղաքական բալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե Հայաստանի տնտեսությունը չգտնվեր այսպիսի անհեթեթ  անծրագիր իրավիճակում։ Ովքեր են սրա համար մեղավոր, շատ հստակ կարող ենք ասել՝ ռուսները, որոնք մեր գործընկերներն են,  բայց զինում են հակառակորդին, անգամ պայմանագրով մեզ տրվելիք  զենքն են ուշացնում։  Այսօրվա հիմնական մեղավորը գործող իշխանություններն են: Սերժ Սարգսյանը ինքը հայտարարեց, որ 2011 թվականից հետո ինքը հասկացել է, որ  նման իրավիճակներ կլինեն եւ դրա մասին բարձրաձայնել է։ Բարձրաձայնել կարող եմ ես, կարող է քաղաքական վերլուծաբանն ու քաղաքական գործիչը, ինքը պետք է հետեւություններ աներ»,-ասել է Արամ Սարգսյանը»։ 

Արամ Սարգսյանը կարծում է, որ  կառավարության վերջին նիստին ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի ճանաչման օրենսդրական նախագծի վերաբերյալ ԱԳՆ եզրակացությունը կարեւոր քայլ էր, իսկ դրան հաջողրդած իշխանականների  մեկնաբանությունները, թե Արցախի ճանաչման ժամանակը չէ, Ռուսաստանի իշխանությունների ճնշումների հետեւանք էր։

«Ես գտնում եմ, որ ճիշտ քայլ է ճանաչումը, եւ  փաստաթղթի նկատմամբ կառավարության եզրակացությանը հաջորդած իշխանության պարզաբանումները ակնհայտ քաղաքական ճնշումների արդյունք էին, իմ կարծիքով՝ ռուսական իշխանությունների կողմից, որը այս գործընթացում աշխատում է ցանկապատի երկու կողմից էլ»,-նշեց Արամ Սարգսյանը։

 Արցախի ճանաչման վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի  հոդվածին անդրադառնալով, ըստ որի ներկա փուլում այն հղի է վտանգներով, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ասաց. «2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգում, որին ես էլ եմ ներկա եղել, ասել է, որ Արցախի  ճանաչման խնդիրը կարելի է մտցնել օրակարգ, որ  քաղաքականությունը նաեւ հնարամտություն է պահանջում»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է։ Մայիսի 8-ը նշվում է նաեւ որպես Երկրապահի օրը։