ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի հատված օգնություն տանող «Ազատության նավատորմի վրա» եւ հաստատել է փորձագետների զեկույցը, որը թույլ է տալին նման մեղադրանքներ ներկայացնել Իսրայելին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը գրավել էին «Ազատության նավատորմը», որը փորձել է ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը: Գործողության ընթացքում սպանվել էին նավի վրա գտնվող 9 թուրքեր, տասնյակ մարդիկ վիրավորվել էին, 100-ավորները հայտնվել էին վանդակաճաղերի հետեւում, ապա արտաքսվել Իսրայելից: Վիրավորվել էին նաեւ 7 իսրայելցի զինծառայողներ, որոնք բախվել էին նավի վրա եղած պաղեստինամետ ակտիվիստների դիմադրությանը: Թուրքական իշխանություններն Իսրայելից պահանջում են պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար, իսկ Իսրայելը հրաժարվում է դա անել, անգամ եթե Թուրքիան որոշի խզել դիվանագիտական հարաբերությունները:
Իսրայելի ԱԳՆ-ն արդեն հանդես էեկել հայտարարությամբ, նշելով, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը «կանխակալ, քաղաքականացված եւ ծայրահեղական» մոտեցում է ցուցաբերել խնդրին: Իր հերթին, Գազայի հատվածում իշխող «Համաս» խմբավորումը ողջունել է ընդունված բանաձեւը եւ կոչ է արել պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակից են «Ազատության նավատորմի» գրավմանը եւ սպանություններին:





























