Թուրքմենստանի եւ Իրանի միջեւ հնարավոր հակամարտությունը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը: Նման տեսակետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու Շոհրաթ Քադիրովը` «Էխո պլանետի»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Թուրքմենստանի ձեռքում են գտնվում բոլոր հաղթաթղթերը. նավթ եւ գազ, ելքերը դեպի Իրան եւ Աֆղանստան, նաեւ Կասպիցի իր բաժինը: «Թուրքմենստանի կառավարությանը մնում է միայն ճիշտ ընտրել գործընկերներին, որպեսզի դրանով չվիրավորի մյուսներին: Հղում անելով Ռուսաստանի մեծ ազդեցությանը, Թուրքմենստանը ընտրում է միայն ամենայուղոտ արեւմտյան ընկերություններին, որոնք կարող են հսկայական ներդրումներ կատարել, միաժամանակ, չոտնահարելով Ռուսաստանի շահերը: Ամենակարեւորը, որ Թուրքմենստանը ստիպված չէ այդ ընտրությունը կատարելիս դեմոկրատիա խաղալ, ինչպես դա եղավ Ղրղըզստանում: Աշխաբադն ինքնուրույն 5 մլրդ արժողությամբ լիճ է սարքում: Մյուս կողմից, բավական է հիշել միայն Nabucco նախագիծը, որն արժե 7 մլրդ դոլար»,- ասել է փորձագետը:
Այդուհանդերձ, Քադիրովը չի բացառում հակամարտությունն Իրանի հետ, կապված 1100 կմ միասնական սահմանի հետ: Նման զարգացումը կարող է ուղղակիորեն պայթեցնել տարածաշրջանը` տաքացնելով սառեցված հակամարտությունները. Իրան-Ադրբեջան, Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան եւ այլն: Նրա խոսքով, այդ դեպքում կողմ քաշված չեն կարող մնալ Վրաստանի դաշնակից ԱՄՆ-ն ու Իսրայելը:
«Ամեն օր տեղեկություններ են ստացվում, որ Իրանի դեմ պատերազմն ավելի հավանական է, որի ժամանակ Իրանում կարող է իշխանափոխություն եւ հասարակարգի ազատականացում լինել, ինչն իր հերթին Թուրքմենստանում ազատականացման ազդանշան կլինի: Կավարտվեն Nabucco-ի շուրջ վեճերը, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ այդ գազամուղի ամենակարճ ճանապարհն անցում է Իրանով: Ես չեմ կարծում, որ պատերազմը կսկսվի Բարաք Օբամայի օրոք, քանի որ նա «բազե» չէ, բայց չեմ էլ կարծում, թե նրա օրոք իրավիճակից խաղաղ ելք կգտնվի»,- ասել է փորձագետը:





























