Օրերս Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատություն եւ ներքին հարցերով կոմիտեն եւս երկու երկրի հետ հարաբերություններում անցում կատարեց առանց վիզային ռեժիմի: Այդ երկրներն են Ալբանիան եւ Բոսնիան:
Կոմիտեի 49 անդամները կողմ են արտահայտվել որոշմանը, դեմ արտահայտվողներն ընդամենը երկուսն էին: Սպասվում է, որ Եվրոպական խորհրդարանը այդ որոշման հարցում վերջնականապես կկողմնորոշվի հոկտեմբերի 7-ի նստաշրջանում: Դրանից հետո որոշումը պետք է հաստատվի Եվրոխորհրդարանի Խորհրդի կողմից: Այդ մասին հաղորդում է «Բագնետը»` հղում անելով «Նաշ Պրոդուկտ» լրատվական գործակալության վրա:
Սակայն այդ ուրախալի լուրը քաղաքացիների համար փոքրիկ նրբություն է պարունակում. արտոնությունից կարող են օգտվել միայն կենսաչափական անձնագիր ունեցողները: Միայն նրանք կարող են առանց վիզայի կարճաժամկետ ճանապարհորդություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ:
Եվրոխորհրդարանի ծրագրերի համաձայն, հետագայում առանց վիզայի կարգը կտարածվի հետխորհրդային վեց պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ուկրայինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի վրա:
Վրացիներն արդեն պատրաստ են կատարել ԵԽ-ի պահանջները: Օրերս մամուլում տեղեկատվություն է շրջանառվել, որ եկող տարվա հունվարից Վրաստանի քաղաքացիների` մինչեւ 2006 թվականը տրամադրած արտասահմանյան անձնագրերը, հրատապ կարգով կփոխարինվեն կենսաչափական անձնագրերով: Դրա համար քաղաքացուց կպահանջվի վճարել ընդամենը 65 լարի (մոտ 35 դոլար): Մնացած քաղաքացիները ստիպված կլինեն կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար ծախսել 100 լարի (55 դոլար):
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ապա NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ դրանք կշրջանառվեն Հայաստանում 2011 թվականից:
Նշենք, որ Հայաստանի այն քաղաքացիները, ում անձնագրերը դեռ ուժի մեջ կլինեն դեռ 7-10, կարող են չշտապել կենսաչափական անձնագրերի ձեռքբերման հարցում:
Նշենք, որ հարեւան Վրաստանում կենսաչափական անձնագրային համակարգն արդեն իսկ ներդրված է, իսկ Ադրբեջանում այն կիրականացվի մինչեւ 2012 թվականը:





























