Հայաստանի Հանրապետությունն այսօր դիվանագիտական գործունեությամբ  իրականացնում է այն խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի:

Նրա խոսքով, այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետեւողական աշխատանք է իր մեջ պարունակում, եւ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում: «Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ հակառակորդը զինված ուժեր է կուտակում սահմանին, Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերը բոլոր նման տեղաշարժերին ու փոփոխություններն արձանագրում են:  «Մենք հետեւում ենք ամեն ինչին: Եվ պաշտպանության բանակը, եւ Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում, պլանավորման մեջ փոփոխություններ են անընդհատ իրականացնում, որոնք ուղղված են մեր անվտանգության ավելի հաստատուն պահպանմանը»,- ասաց նա: