Ադրբեջան մեկ տարվա ընթացքում դեսպան ուղարկելուց ԱՄՆ-ի հրաժարումը, ինչպես նաեւ դեսպանի նշանակման ձգձգումը Ադրբեջանի տեսանկյունից նման են  համակարգային խնդրի: Այդ մասին իր հոդվածում գրում է Ջեյսմթաունի հիմնադրամի ավագ գիտաշխառող Վլադիմիր Սոկորը:

«Այն ժամանակ, երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր, Վաշինգտոնը համոզում էր Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը եւ դա չշաղկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի հետ»,- գրում է փորձագետը:

«Սակայն, վերջնարդյունքում, Թուրքիան հրաժարվեց չշաղկապել այդ երկու խնդիրները, այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունն ապացուցեց, որ չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերից: Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանին չհրավիրեց Վաշինգտոնում կայացած ատոմային գագաթաժողովին»,- նկատում է Սոկորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ 2009թ. հուլիսին դեսպան Էնն Դերսիի պաշտոնավարման ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղարությունն ուղիղ մեկ տարի սպասեց, որ հայտարարի դեսպանի նոր թեկնածուի անունը:

Սոկորը կարծում է, որ հայ-թուրքական սահմանն ամեն գնով բացելու փորձերից հետո, Օբամայի վարչակազմը ոչ միայն չի ավելացրել, այլեւ նվազեցրել է ամերիկա-ադրբեջանական գործընկերության կարեւորությունը: Հեղինակի խոսքով, Ադրբեջանն ունի ԱՄՆ-ի կարիքը ղարաբաղյան խնդրի լուծման եւ տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի պես ռեգիոնալ խաղացողների միջեւ հավասարակշռություն ստեղծելու հարցում: